02/21/2026
💭 Մի փոքր կոմպլեքս տրավմայի մասին (Complex Trauma / C-PTSD)
Կոմպլեքս տրավման առաջանում է, երբ մարդը երկար ժամանակ ապրում է անապահով, ցավոտ կամ չաջակցող միջավայրում, հատկապես՝ մանկության տարիներին. մշտական վախ կամ ճնշում ընտանիքում, էմոցիոնալ անտեսում («ինձ չեն լսել, չեն հասկացել»), ծնողի անկանխատեսելի վարք, խնամքի պակաս, սառնություն, հաճախակի ամոթի զգացում, քննադատություն, զգացմունքների արգելում։ Կարևոր է հիշել, որ կոմպլեքս տրավմայի դեպքում պարտադիր չէ, որ լինի ֆիզիկական բռնություն։
Կոմպլեքս տրավման կարող է դրսևորվել՝
- ֆիզիոլոգիական մակարդակում` մշտական լարվածություն, դատարկության զգացում, արագ սթրես, սրտխփոց, հոգնածություն` առանց հստակ պատճառի
- հուզական մակարդակում՝ ամոթ («ինձ հետ ինչ-որ բան այն չէ»), վախ՝ առանց կոնկրետ պատճառի, դատարկություն կամ անզգայություն, դժվարություն զգացմունքները ճանաչելու մեջ
- դիրքորոշումների ու ինքնագնահատականի մեջ՝ ինքնաքննադատություն, «ես բավարար չեմ» զգացում, սեփական կարիքները կարևոր համարելու դժվարություն
- հարաբերություններում՝ ուրիշներին չափից շատ հարմարվել (կամ հակառակը՝ փակվել, հեռանալ), վստահության խնդիրներ, մտերմանալու կամ լքված լինելու վախ
Կոմպլեքս տրավման բնավորության խնդիր չէ, և մարդը «թույլ» չէ։ Սա նշանակում է, որ մարդը ժամանակին սովորել է գոյատևել դժվար պայմաններում, և այդ գոյատևման մեխանիզմները մնացել են ու գործում են նույնիսկ այն ժամանակ, երբ վտանգն այլևս չկա, իսկ նրա Ես-կոնցեպտը ձևավորվել է այդ գոյատևման մեխանիզմների արդյունքում։ Պետք է հիշել, որ այն, ինչ հիմա խանգարում է, մի ժամանակ փրկել է, բայց այժմ այդ փրկող մեխանիզմը կա՛մ չի գործում, կա՛մ լավ չի գործում. մարդը ապրում է ներկայում, բայց մարմնի հուզական ռեակցիաները անցյալինն են և հաճախ չեն համապատասխանում ներկա իրավիճակներին։
Մինչ «կոմպլեքս տրավմա» հասկացությունը ձևավորվելը, երբ մասնագետները հանդիպում էին վերը նշված գանգատներով կամ քրոնիկ ցավերով, ֆիբրոմիալգիայով, հոգնածության գանգատներով մարդկանց, ախտորոշում էին դեպրեսիա, տագնապ, PTSD կամ անձնային խանգարում, բայց հաճախ անտեսանելի էր մնում մեկ ընդհանուր պատճառ՝ զարգացման ընթացքում երկարատև անապահովությունը և դրա հետևանքները։ Երբ զարգացման տրավման (developmental truma), կապվածության տրավման (attachment truma), բարդ տրավման (CPTSD) որպես առանձին մոտեցումներ դեռ չէին կիրառվում, մասնագետները ստիպված էին աշխատել այն շրջանակների մեջ, որոնք ունեին։ Թվում էր, թե խնդիրը տեսանելի է, բայց պարզվում է` ոչ այնքան։
Ի՞նչ է սա նշանակում մասնագետի համար այսօր
Եթե կոմպլեքս տրավման դիտարկում ենք ոչ միայն որպես ախտորոշում, այլ որպես կլինիկական հայացք, ապա փոխվում է ամբողջ թերապևտիկ աշխատանքը։ Մենք սկսում ենք ուշադրություն դարձնել ոչ միայն նրան` ինչն է ցավոտ, այլ նաև նրան, թե ինչն է ժամանակին օգնել գոյատևել։ Թերապիան դադարում է լինել «ինչպես ազատվել սիմպտոմից» և դառնում է՝ «ինչպես հասկանալ գոյատևման մեխանիզմները և օգնել, որ դրանք փոխվեն», օգնել, որ նյարդային համակարգը նոր պայմաններում չգործարկի նախկին ռեակցիաները, ձևավորի ավելի հասուն վարքի ձևեր, ոչ վտանգավոր իրավիճակներում չզգա «տիեզերական տագնապ» և փոփոխի անցյալի գոյատևման մեխանիզմների արդյունքում ձևավորված Ես-կոնցեպտը։