17/06/2025
Այսօր Հայաստանում նշվում է Հայրերի տոնը, և որպես երեք հրաշալի երեխաների հայր, բժիշկ, ուզում եմ մի պահ կանգ առնել, շնորհավորել բոլոր հայրիկներին ու խոսել այդ դերի մասին։
Բժիշկ լինելու մասնագիտությունը հաճախ հեռու է պահում ինձ նրանց առօրյայից, մանկությունից, հարցերից ու խաղերից…
Բայց երբ տանը եմ, փորձում եմ եղած ժամանակը դարձնել ոչ թե շատ, այլ՝ կարևոր ու լիարժեք։
Ոչ թե պարզապես լինել, այլ՝ ներկա լինել։
Տղաներից հետո, երբ լույս աշխարհ եկավ Աննաս, հայրությունը բացվեց մի նոր, անսպասելի անկյունից՝ փխրուն, զգայուն, խորը մի կապ, որը մինչ օրս ինձ ձևավորում ու փոխում է։
Մեր հայրերի սերունդը սիրեց մեզ՝ հաճախ լուռ, հեռվից, գործով։
Մենք՝ նոր սերնդի հայրերս, փորձում ենք սիրել ներկայությամբ։
Փորձում ենք ոչ միայն լինել հայր, այլ ապրել այդ դերով՝ լսել, ուղեկցել, լինել վստահելի:
Ուրախ եմ տեսնել, որ ժամանակները փոխվում են։
Ու հայր լինելու դերը գնահատվում է ոչ միայն ուժով, այլ նաև ներկայությամբ, սիրո լեզվով ու բաց սրտով։
Իհարկե, այս տոնը չեմ կարող նշել առանց երախտագիտությամբ հիշելու իմ կնոջը, ում շնորհիվ ես հայր եմ։
Մեր երեխաների կյանքի ամեն պահի հիմքում նրա սերն ու ներկայությունն է։
Նաև՝ շնորհակալություն բոլոր մայրերին, ում շնորհիվ մենք կարող ենք ապրել հայրությունը։
Շնորհավոր բոլոր հայրիկներին։
Թող ձեր երեխաների աչքերում դուք լինեք հենց այն, ում անվանում են «պապա» և ում ներկայությունը զգում են ամբողջ սրտով:
Շնորհավո՜ր