27/10/2025
❓❓ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՏԱՐԻՔԻ ՀԵՏ ԴԱՌՆՈՒՄ ԱՎԵԼԻ ԿԱՐՃԱՀԱՍԱԿ
Բոլորս էլ տեղյակ ենք, որ տեսողության, լսողության և հիշողության թուլացումը ծերության նշան է։ Կա մի բան, որը թերևս այդքան էլ նկատելի չէ, դա հասակի նվազումն է։
🌀Հասակի կարճացումը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնք կապված են մարմնի ոսկրերի, մկանների, հոդերի և այլ հյուսվածքների փոփոխությունների հետ: Չնայած հասակի որոշակի կորուստը ծերացման հետ ուղեկցվող նորմալ երրևույթ է, և դժվար թե կապված լինի առողջական ինչ-որ խնդիրների հետ, սակայն հասակի զգալի կորուստը կարող է խոսել լուրջ խնդիրների մասին:
Հասկանալը, թե ինչ է տեղի ունենում ձեր մարմնի հետ, երբ ծերանում եք, շատ կարևոր է, որպեսզի կարողանաք հակազդել ծերացման որոշ բացասական ազդեցություններին:
👉Արդեն 30 տարեկանից հետո, մկանային զանգվածի տարիքային կորուստը, որը գիտական տեսանկյունից հայտնի է որպես սարկոպենիա, կարող է նշանակել, որ դուք յուրաքանչյուր տասնամյակում կորցնում եք մկանային զանգվածի 3-5%-ը:
💢Հատկապես մտահոգիչ են այն մկանները, որոնք հիմնականում պատասխանատու են ձեր ուղղաձիգ դիրքի համար։ Ուղղաձիգ կեցվածքն ապահովող մկանների նվազումը կարող է Ձեզ դարձնել սապատավոր և հետևաբար, ավելի կարճահասակ։
👉Տարիքի հետ հասակի կորստի ևս մեկ պատճառ կարող է լինել ոսկրերի առողջությունը: Ոսկորը կազմավորված է չափազանց բարդ կապող հյուսվածքից, և կարող է հարմարեցնել իր չափերը և ձևը՝ ի պատասխան մեխանիկական ճնշումների։ Սա թույլ է տալիս Ձեր ոսկրերին վերակառուցվել ողջ կյանքի ընթացքում։
💠Երիտասարդ տարիներին դուք անցնում եք բավականին ակտիվ աճի փուլ։ Ձեր ոսկրային զանգվածի 90%-ի ձևավորումը ավարտվում է դեռահասունության շրջանի ավարտին:
Այս աճը ամրագրվում է 20-30 տարեկանում, որը համարվում է ոսկրային զանգվածի պիկը։
💠Մոտավորապես 35-40 տարեկան հասակում դուք սկսում եք կորցնել ավելի շատ ոսկրային զանգված, քան արտադրվում է։
Ռիսկի գործոնների առկայության դեպքում այս ոսկրային կորուստը հանգեցնում է օստեոպորոզի, որը բնութագրվում է ցածր ոսկրային զանգվածով և ոսկրային փխրունությամբ:
Ընդհանուր առմամբ, այդ գործոնները հանգեցնում են կոտրվածքների մեծ ռիսկի։ Կոտրվածքները հաճախ հանդիպում են կոնքազդրի և նախաբազկի շրջանում, ողերի հատվածում, ինչն էլ բացասական ազդեցություն է ունենում հասակի վրա:
👉Ողնաշարի կառուցվածքը կազմված է նաև կեցվածքի պահպանման համար պատասխանատու սկավառակներից:
💢Դրանք գելանման բարձիկներ են, որոնք նստած են ողերի միջև և հանդես են գալիս որպես ամորտիզատորներ (մեղմիչներ), օգնելով պահպանել մեջքի ճկունությունը։
Երբ մենք երիտասարդ ենք, այս սկավառակները, որոնց 80% բաղկացած է ջրից, ամուր են և ճկուն: Տարիքի հետ սկավառակներն աստիճանաբար նեղանում և հարթվում են: Հետևաբար, ողերի միջև ընկած տարածությունը կրճատվում է: